Հայաստանը Հնդկաստանին այլընտրանքային առևտրային ուղի է առաջարկել Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա հարձակումների ալիքի ֆոնին, հարավասիական Asian News International (ANI) լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում Հնդկաստանին այլընտրանքային ծովային առևտրային ճանապարհ առաջարկելու համար, հատկապես՝ Եվրոպայի հետ»,- ասել է Մկրտչյանը Նյու Դելիում «Raisina Dialogue» միջազգային քաղաքական գիտաժողովի շրջանակներում։
Նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի (INSTC), Սև ծովի երկայնքով երթուղիների, տարանցիկ միջանցքի և Հնդկաստանի ու Իրանի հետ Չաբահար նավահանգստի համատեղ զարգացման շրջանակներում գործընկերությանը։ Մկրտչյանը նաև առաջարկել է համագործակցել Հնդկաստանի հետ արհեստական ինտելեկտի ոլորտում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։
Եմենի հութի զինյալների խմբավորման հարձակումները Կարմիր ծովի առևտրային նավերի վրա սկսվել են 2023 թվականի նոյեմբերին՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում և օգնություն հասցնել պաղեստինցիներին:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին 2023 թվականի մայիսի 19-ին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանը խնդրել էր մուտք գործել Չաբահար՝ նպատակ ունենալով խորացնել տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ։ Հայաստանն ու Իրանը 2023 թվականի դեկտեմբերին պայմանավորվել էին ստորագրել համագործակցության հուշագիր, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։
Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 395,05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,14 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...