«Օզոն»-ը մաքսային անցակետում որոշակի տեսակի ապրանքների հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով հնարավոր չի եղել դրանք հասցնել հաճախորդներին, հայտնում է «Օզոն Արմենիա»-ի մամուլի ծառայությունը։
«Անցած շաբաթ ապրանքների որոշակի խմբեր առաքելիս մաքսակետում որոշ դժվարությունների հանդիպեցինք։ Խոսքը շուկայում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ի մասին է»,- հաղորդագրության մեջ մեկնաբանում է ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։
Ընկերության աշխատակիցները, նրա խոսքով, զգուշացրել են գնորդներին, որ չեն կարողանա առաքել այդ ապրանքները և ժամանակավորապես հեռացրել են դրանք հայկական շուկայից։ «Մյուս ապրանքները, որոնց առաքումը վերոնշյալ խնդրի պատճառով հետաձգվել էր, մոտ օրերս կհասնեն հաճախորդներին»,- հայտնել է Հախվերդյանը։
Նա հավելել է, որ Հայաստանում «Օզոնի» բաշխման կետերում աշխատում են այդ կետերի սեփականատերերի կողմից վարձված աշխատողները, և նրանք միայն պատասխանատու են ապրանքը գնորդին հասցնելու համար։
Օզոնը Հայաստանում բացվել է 2023 թվականի հուլիսի 5-ին՝ Ռուսաստանից ապրանքներ վաճառելով։ Ընկերությունից վստահեցրել էին, որ առաքման միջին ժամկետը կկազմի մոտ յոթ օր։ «Ժողովուրդ»-ը մարտի 1-ին գրել էր, որ Օզոնը մեկ ամսից ավելի հետաձգում է վճարովի պատվերների առաքումը Հայաստան, իսկ պատվերների առաքման կետերում չեն կարող բացատրել ուշացման պատճառները և առաքման մոտավոր ժամկետները: