Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
ՔՊ-ն փետրվարի 24-ին հավանություն էր տվել նրա՝ նախարարի պաշտոնում նշանակվելուն, իսկ փետրվարի 26-ին Պապոյանի հրաժարականի մասին հայտարարությամբ էր հանդես եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական էր տվել։ Վերջինս փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ՝ նախարարությունում գնումների գործընթացի հետ կապված չարաշահումների գործով, որին մասնակցել են «Սիներջի» ընկերությունն ու «Հարմոնիա» հիմնադրամը։