Երևանի իշխանությունները ներկայացրել են ավտոբուսային փոխադրավարձերի մասին նոր նախագիծ: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է հաղորդել միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծի մասին, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում:
Նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ըստ Կոստանյանի՝ ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։
Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանել էր առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ այն «ավելի համապարփակ քննարկելու նպատակով»։
Armenia Today-ն ուսումնասիրել էր նախագիծը և հաշվարկել ուղևորափոխադրումների սակագների արժեքը։ Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, մեծամասնությունը նախագծին դեմ էր արտահայտվել։