Մեծ շանսեր կան, որ Հայաստանի համար գազի սակագինն առնվազն 8 տարի չի փոխվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Եթե աշխարհաքաղաքական ու շուկայական շատ մեծ փոփոխություններ տեղի չունենան, մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի՝ մինչև 2031 թվականը, գազի գինը չփոխվի։ Իհարկե, եթե աշխարհում գազի շուկայական գինը կայուն 3000 դոլար դառնա, ապա Հայաստանում այն 165 դոլարի մակարդակում պահելը դժվար կլինի»,- ընդգծել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման դեպքում ՀՀ-ի նկատմամբ առանձին դրսևորումներ չեն լինի, կգործի մեկ սակագին։
2023-ի դեկտեմբերի 15-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար կնքել է պայմանագիր, որով Հայաստանում սակագնի որևէ փոփոխություն նախատեսված չէ: Վերջին անգամ սպառողների համար գազի սակագինը բարձրացել էր 2022 թվականի ապրիլի 1-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։