Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, հայտնում են հանձնաժողովից։
Որպես պատճառ՝ ՀԾԿՀ-ն նշել է «սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտումների մասին», որոնք բացահայտվել են 2023 թվականի 1-3-րդ եռամսյակների վերլուծության ընթացքում:
«Մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց՝ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման»,- հավելել են հանձնաժողովում։
ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը փետրվարի 14-ին հայտնել էր, որ վերջին 6 տարիների ընթացքում վթարային հոսանքազրկումները մոտ 50%-ով կրճատվել են։ Նա տեղեկացրել էր, որ ընկերությունը մինչև 2500 դրամ փոխհատուցում է վճարում Երևանի բնակիչներին հոսանքազրկման յուրաքանչյուր դեպքի համար, եթե այն տևել է 4 ժամից ավելի, իսկ հանրապետության մարզերի բնակիչներին այդ փոխհատուցումը տրամադրվում է, եթե հոսանքազրկումը 8 ժամից ավելին է։