ՌԻԴ ՍՊԸ-ն արձագանքել է Վարդենուտ գյուղի բնակիչների կողմից մարտի 10-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը փակելու ակցիային, որի ժամանակ նրանք պահանջում էին դադարեցնել ընկերության կողմից Արագածի էկո-հագստավայրի կառուցումը, որի նախագծով գյուղի տարածքում լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի է ստեղծվելու։
Ըստ ընկերության՝ իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչները փորձում են «շանտաժի լեզվով ու անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ»։
«Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը ճանաչելով հանրային գերական շահ, պետությունը ցանկանում է օտարել շուկայականից ցածր գներով։ Նրանք ցանկանում են, որ հողամասերի փոխհատուցման գները բարձրացվեն: Գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Դրանց կազմման համար հիմք է ծառայել Կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվությունը՝ վերջին տարիների ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ: Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի»,- նշել են ընկերությունում։
ՌԻԴ ՍՊԸ-ն գտնում է, որ գնահատման փորձագետի փոփոխության դեպքում «գնահատումները նույնը կլինեն, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա»:
«Ուստի ակնհայտ է, որ փորձ է կատարվում անհիմն գումարներ շորթել և ապօրինաբար հարստանալ»,- հավելել են ընկերությունում։
Մարտի 10-ին Վարդենուտի բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը։ Նրանք նշել էին, որ դեմ են բնակավայրում լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի կառուցելու նախագծին։ 2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծին, որի ներդրումային ծրագիրը կազմում է 190 մլն ԱՄՆ դոլար։