Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է մարտի 12-ին Երևանի ավագանու կողմից տրանսպորտի սակագնի թանկացման որոշման ռիսկերն ու հետևանքները՝ ընդգծելով, որ ուղեվարձի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնելու։
Երևանի ավագանին մարտի 12-ին ընդունել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը, որով հասարակական տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից թանկանալու է։ Ըստ լրամշակված նախագծի՝ նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Տնտեսագետը նշել է, որ թանկացումն արդարացված կլիներ, եթե Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ մեկ միասնական ցանց լիներ և վերանայվեր անարդյունավետ երթուղային ցանցը։
«Վերանայման մոդելը 2018-ին համատեղ հետազոտությամբ առաջարկել էին WYJ ընկերությունը և «Ամերիա» ՓԲԸ-ն։ WYJ-ն առաջարկել էր քաղաքում ունենալ 42 ավտոբուսային գիծ, սահմանել ծախսերի մեթոդաբանությունը: Օրինակ, եթե ավտոբուսային պարկն անարդյունավետ ծախսեր է անում, ինչո՞ւ պետք է քաղաքացիները վճարեն դրա համար։ Այսինքն, ինչպես գազի և էլեկտրաէներգիայի դեպքում է, այս պարագայում ևս պետք է մեթոդաբանություն գործի, ինչը չկա»,- ասել տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով՝ Երևանի իշխանությունների կողմից հաստատված թանկացումների հիմնական նպատակն անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած խնդիրների լուծումն է։ Նա նշել է, որ ըստ նախագծով առաջարկվող տարեկան փաթեթի՝ սեպտեմբերից տրանսպորտի ուղեվարձը միջինում կբարձրանա 2 անգամ։
«Քաղաքային իշխանությունների այն հաշվարկները, որ եթե օրվա ընթացքում մարդը մի քանի անգամ տրանսպորտից օգտվի, նոր մոդելով մատչելի կլինի, իրականությանը չի համապատասխանում, որովհետև Երևանում մարդիկ սովորաբար 2 անգամ՝ աշխատանքի գնալիս և վերադառնալիս են տրանսպորտից օգտվում։ Տարեկան փաթեթի համար 90 հազար դրամ են առաջարկում, բայց, անշուշտ, մեր քաղաքացիներն այս պահին 90 հազար դրամ չեն ծախսում տրանսպորտիի վրա։ Շաբաթական տասը անգամ երթևեկելու պարագայում տարեկան առավելագույնը գումարը կազմում է 50-60 հազար դրամ։ Մինչդեռ ամենաէժան փաթեթն իրենց հաշվարկով 90 հազար դրամ է, ինչը մեկ անձի համար կրկնակի աճ է»,- հավելել է Պարսյանը։
Տնտեսագետը նշել է, որ 6 տարիների ընթացքում քաղաքային իշխանությունը չի կարողացել բարեփոխումներ անել տրանսպորտի համակարգում։
«Տրանսպորտային համակարգի բարեփոխումը չի ենթադրում սակագնի վերանայում։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ էր ունենալ ավտոբուսային, երթուղային ցանց, որը հին ու անարդյունավետ է։ Այդ ցանցի հետևանքով մեզ մոտ գերծախսեր կան»,- ընդգծել է տնտեսագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տրանսպորտի սակագինը թանկացրել են՝ առանց հստակեցնելու, թե համակարգին որքան ծախս է հարկավոր, համակարգում որքան շրջանառություն կա։
«Նույնիսկ սակագնի հաշվարկման մեթոդաբանություն չունեն, բայց որոշել են այս գները սահմանել, որի նպատակը քաղաքացիներից լրացուցիչ 7-10 մլրդ դրամ հավաքելն է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը չսուբսիդավորի համակարգը։ Երևանի քաղաքապետարանն այլևս չի փորձելու ծախսերի կրճատման որևէ խնդիր լուծել։ Բոլոր խնդիրները բարդում են քաղաքացիների վրա՝ «միայն վճարելու» տրամաբանությամբ»,- շեշտել է տնտեսագետը։
Փորձագետը չի բացառել, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիների զգալի մասը կարող է չօգտվել տրանսպորտից։ Նա նշել է, որ այդ խմբում կարող են հայտնվել հատկապես ուսանողները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, թոշակառուները, սոցիալապես անապահով խավը։
«Տրանսպորտի թանկացումն իր ազդեցությունը կթողնի մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա, կազդի նաև այլ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման վրա։ Ուղեվարձի թանկացումը շղթայական ռեակցիա է ունենալու և ազդելու է ոչ միայն տրանսպորտի, այլև արտադրության և այլ ճյուղերի վրա»,- հավելել է նա։
Պարսյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները տրանսպորտային բարեփոխումները պետք է սկսեին ամբողջ համակարգն ու ամբողջ երթուղիները համայնքի ենթակայությանը վերադարձնելուց։
«Բոլոր գծերը պետք է լինեին քաղաքապետարանի ենթակայության տակ։ Հիմա ստացվում է, որ գծատերերը շարունակելու են գործունեություն ծավալել, իսկ քաղաքապետարանը, այսպես ասած, կողքից գծատեր է դառնում։ Սա անարդյունավետ մոդել է և եթե նման տրամաբանությամբ շարունակվի՝ որոշ ժամանակ անց նորից ուղեվարձի բարձրացման են գալու»,- նշել է Պարսյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Աննա Բադալյան