Մարտի 30-ից IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը, տեղեկացնում է բանկի լրատվության բաժինը։
«Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Բանկը տեղեկացնում է, որ դա պայմանավորված է МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով, ուստի Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել և պատճառված անհարմարության համար ներողություն է խնդրում։
2023թ․ մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը, Խոսելով ռուսական «МИР» քարտի մասին, նշել էր, որ հայկական բանկերն ինքնուրույն են որոշում՝ սպասարկել իրենց ռուսական քարտերը, թե ոչ։ «Ռուսական ԶԼՄ-ներում կարդացել եմ, թե բողոքներ են հայտնվել «МИР»-ին չընդունելու վերաբերյալ։ Կարող եմ հավաստիացնել, որ փորձում եմ հետևել իրավիճակին, և առայժմ նման խնդիրների մասին չեմ լսել։ Լինում են պրոցեսինգի խափանումներ, բայց այդ ժամանակ դժվարություններ են առաջանում ոչ միայն «МИР»-ի, այլև հայկական քարտերի վճարման հետ կապված»,- ասել էր նա։