Բելառուսն արգելել է իր տարածք «Արարատ» կոնյակի գործարանի արտադրած ապրանքների ներմուծումը, ինչպես նաև վաճառքը, պահպանումը, փոխադրումն ու օգտագործումը, հայտնում է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հիմնարկի մամուլի ծառայությունը:
Համապատասխան որոշումն ընդունել է Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկը։ Փաստաթղթում նշվում է, որ գործարանի արտադրած «Այրում» գինու մեջ հայտնաբերվել է ազորուբին սինթետիկ ներկանյութը:
Ներմուծող «Ֆորտունա Լոգիստիկ» ՍՊԸ-ին հանձնարարվել է ապահովել գործարանի արտադրանքի շրջանառության մեջ չթողնելը, շրջանառությունից հանված ապրանքների վերադարձը կամ հեռացումը։
Մարտի 22-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հայկական պատվիրակությունը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մինսկի խնդրանքով կալանավորված Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա Հայաստանում։ Նովիկովը Երևանից ապաստան էր խնդրել փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով Հայաստանում ձերբակալվելուց հետո։