Հունիսի 20-ից մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթերը, հայտնել է «ANRIVA» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը:
Նրա խոսքով՝ չվերթերը կիրականացնեն ANRIVA և Air Cairo ավիաընկերությունները: «Կահիրեի և Երևանի միջև օդային ուղիղ կապն իսկական իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ նաև Հայաստան-Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից: Սա նոր, հեռանկարային հնարավորություն է բոլոր ոլորտների զարգացման համար»,- ընդգծել է Ստամբուլյանը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ նոր ուղղությունը մեծապես կնպաստի դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը. այսուհետ կլոր տարի Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն հասանելի կլինի եգիպտացի զբոսաշրջիկների համար, իսկ հազարավոր եգիպտահայերի համար՝ դեպի հայրենիք մշտապես պահանջված ուղիղ ու կարճ ճանապարհ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի սկզբին այցելել էր Եգիպտոս։ Այցից հետո Երևանը և Կահիրեն տնտեսության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հուշագրեր էին ստորագրել։