Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովել է ոսկերչության ոլորտը, գրել է «Հետքը»։
Կայքը հրապարակել է Վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվարին աճել է 13,6%-ով, ընդ որում՝ տարեսկզբի ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին կազմել է շուրջ 462 մլրդ դրամ, որը 28.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Արդյունաբերության այս բարձր աճի տեմպն սկսվել է 2023 թվականի նոյեմբերից․ նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Այդուհանդերձ՝ 2023-ի նոյեմբերից այս ոլորտում աննախադեպ աճ է գրանցվել:
2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։
2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։ Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։
Թեև փետրվարի քաղվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն, ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։
Սակայն այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում՝ հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն ու արտադրական հզորությունները։
Կայքի ուսումնասիրության համաձայն՝ ոսկերչական իրերի արտադրության ոլորտում կտրուկ աճ է ապահովել մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։
«Վարկած կա, որ սա, իրականում, Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է տվյալ արտադրանքը գրանցվում որպես Հայաստանում արտադրված։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչության ոլորտի այս կտրուկ աճին զուգահեռ՝ Հայաստանը նույնքան կտրուկ ավելացրել է ոսկերչական իրերի արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը»,- հավելել է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։