Մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ Recruit Days աշխատանքի առաջին տոնավաճառը, որը կազմակերպել էր Move2Armenia նախաձեռնող թիմը։ Նախաձեռնության ղեկավար Մաքսիմ Շվեցովի խոսքով՝ կազմակերպիչներին հաջողվել է ներգրավել Հայաստանի խոշորագույն գործատուներից 24-ին, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներին, որոնք տոնավաճառի մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի հանրային հատվածի թափուր աշխատատեղերը։
Աշխատանք փնտրողները միջոցառման ձևաչափի շնորհիվ կարողացան ծանոթանալ ընկերությունների առաջարկներին, անմիջապես ընկերության ղեկավարներին ռեզյումե փոխանցել, հարցազրույց անցնել և հարցազրույցի հաջորդ փուլի հրավեր ստանալ: Նրանց համար կազմակերպվել էր նաև 20 խոսնակի ելույթ՝ TEDTalks ձևաչափով: Նրանց թվում էին խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Ucom-ի, Buy.am-ի, Time-ի փորձագետներն ու ղեկավարները։ Ընկերությունների առաջատար մասնագետները կիսվում էին նոր գաղափարներով, պատմում նորարարությունների, արհեստական բանակության ու աշխատաշուկայի նոր մարտահրավերների մասին։
«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ելույթում խոսեց աշխատաշուկայում թվային նոր տեխնոլոգիաների դերի մասին։
«Թվայինը չի գալիս, որ ձեզ տուն ուղարկի։ Թվայինը մեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար է գալիս»,- նշեց Յիրիկյանը։
Move2Armenia կազմակերպության կարիերայի ուղղության ղեկավար Մաքսիմ Շվեցովն Armenia Today-ին պատմեց, որ 25 ընկերությունից 24-ը մասնավոր է։ 25-րդը Միասնական սոցիալական ծառայությունն է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետական բոլոր թափուր աշխատատեղերին։ Շվեցովի համար միջոցառման կարևոր նպատակներից մեկն աշխատանք փնտրողների և գործատուների միջև ամուր կապ ստեղծելն է։ Նա նշեց, որ միջոցառումն աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար է, բայց այն նորեկներին չի խանգարի ծանոթանալ պոտենցիալ գործատուների հետ և աշխատանքային հարցազրույց անցնել։
«Մեր միջոցառմանն աշխատանք փնտրողները հնարավորություն են ստանում լսել շուկայի առաջատարներին, ուղղակիորեն շփվել նրանց հետ, հարցեր տալ։ Բայց ամենակարևորն այն է, որ կազմակերպություններն ստանում են աշխատանք փնտրողների ռեզյումեները, կոնտակտային տվյալները, և հետադարձ կապի հստակ հնարավորություն է ստեղծվում։ Շատ կարևոր է, որ միջոցառման մասնակից կազմակերպությունների համար առաջնային է սոցիալական պատասխանատվությունը»,- նշեց Շվեցովը։
Աշխատանքի տոնավաճառի մասնակիցներն Armenia Today-ին պատմեցին, որ իրենց հաջողվել է տեղում միանգամից մի քանի առաջարկ ստանալ։ Նրանց թվում է Տիգրան Հովհաննիսյանը։ Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատանք փնտրում։
«Նման միջոցառումները գործատու և աշխատանք փնտրողների միջև ամուր կապ են ապահովում։ Եկել եմ աշխատանք փնտրելու և արդեն մի շարք առաջարկներ եմ ստացել»,- ասաց Տիգրանը։
Միջոցառման մասնակից գործատուները գոհ են դիմորդների ակտիվությունից։ Նրանք նշում են աշխատանք փնտրողների ակտիվության ու մեծ հետաքրքրության մասին, միևնույն ժամանակ` շեշտում, որ երբեմն դժվարանում են համապատասխան կադրեր գտնել, բայց պատրաստ են երիտասարդներին նոր գիտելիքներ ու հմտություններ տալ։
«Մենք գրեթե միշտ ունենք թափուր աշխատատեղեր, բայց մեր խնդիրը մարքեթինգային ոլորտում այն է, որ երբեմն համապատասխան մասնագետ չենք գտնում»,- նշեց «Emater» ընկերության համահիմնադիր Սերգեյ Մարկոսյանը։
Արևային տեխնոլոգիաներով զբաղվող «EcoVille» ընկերության տաղանդների ներգրավման մասնագետ Արսեն Թարխանյանը կարևորեց գործատուների և աշխատանք փնտրողների միջև կապեր ստեղծելու նախաձեռնությունները։
25-ամյա Դիանա Յարալյանն զբաղվում է թվային մարքեթինգով, աշխատանք է փնտրում։ Միջոցառման ձևաչափը հաշվի առնելով՝ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում։ Դիանայի կարծիքով՝ մասնագիտական աճի համար կարևորը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է։
«Կցանկանայի ավելի շատ մարդիկ մասնակցեին նման միջոցառումների ու իմանային, որ իրականում՝ Հայաստանում կա աշխատանքի շուկա, պարզապես կարևորը ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնվելն է»,- նկատեց Դիանան։
Կազմակերպիչները չեն պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով, նրանք մտադիր են նման միջոցառումների ժամանակ կուտակած փորձն ի նպաստ Հայաստանի օգտագործել։ Մաքսիմ Շվեցովն Armenia Today-ին հայտնեց, որ միջոցառման շրջանակում Հայաստանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ են ունեցել, առաջիկայում ամփոփելու են արդյունքները և կառավարությանն են ներկայացնելու աշխատաշուկայի պայմանները բարելավվելու մասին օրենսդրական առաջարկություններ։
Աննա Բադալյան
Մանրամասները՝ տեսանյութում։