ԵՄ-ն Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարվա կտրվածքով 270 մլն եվրո կհատկացնի, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցում:
Այդ ֆինանսական միջոցները, Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, հիմնականում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան նոր շուկաներ մտնել։ Նա հայտնել է, որ աջակցությունը կուղղվի նաև Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին, վերականգնվող էներգիայի արտադրությանը։
ԵՄ-ն նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի պետական ապարատի զարգացմանը։ Այդ միջոցների հատկացման նպատակը Հայաստանում տնտեսական բարեփոխումների հաջող իրականացումն է, նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Բլինքենն, իր հերթին, հայտարարել է Հայաստանին 65 մլն դոլարի օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին:
«Ես հանձնառու եմ հետագայում ընդլայնել մեր աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական կայունությանը, պարենային անվտանգությանը, թվային ենթակառուցվածքներին, էներգետիկայի դիվերսիֆիկացմանը, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացմանը և այլ ներդրումներին՝ առաջնահերթ ուղղություններում»,- ընդգծել է նա:
Ապրիլի 5-ին կայացել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հանդես են եկել հայտարարություններով։ Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։