Հայաստանի ու Իրանի միջև 2023 թվականին 704 մլն դոլարի առևտրաշրջանառություն է իրականացվել, լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի և տնտեսական զարգացման ծրագրերի վերաբերյալ Armenia Today-ի հարցին, հայտնել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նախորդ տարիների համեմատ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե 2-3 անգամ աճել է։ 2024-ի հունվար և փետրվար ամիսներին ևս աճ ենք արձանագրել»,- հայտնել է դեսպանը։
Նա հայտարարել է, որ Իրանը Հայաստանի հետ առևտրի զարգացման ծրագրեր ունի, դրանք մի քանիսն են։
«Դրանցից մեկն առնչվում է կոմունիկացիաների ոլորտին, խոսքը երկու երկրներ մուտք գործելիս վճարների նվազեցման մասին է։ Երկրորդը վերաբերում է ճանապարհների կառուցմանը։ Բացի այդ, մեր օրակարգում է Հայաստանի հետ ապրանքների բարտեր իրականացնելու հարցը։ Շատ շուտով Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոնը»,- հայտարարել է դեսպանը։
Սոբհանին նշել է, որ Իրանը ՀՀ-ին որպես 3 միլիոնանոց շուկա չի դիտարկում։
«Հայաստանին դիտարկում ենք որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա»,- ասել է դեսպանը։
Նա հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է այցելելու Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահը։
«Հուսով ենք, որ այցի շրջանակում առևտուրը զարգացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք կբերենք»,- եզրափակել է Սոբհանին։
Մանրամասները՝ տեսանյութում։