Կառավարությունը կբարձրացնի փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5-ի փոխարեն սահմանելով 10 տոկոսի սահմանաչափ։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 2-ի նիստում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխությունը մի շարք նպատակներ ունի․ շրջանառության հարկի համակարգի և դրանում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ շրջանառության հարկը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելուց վերածվել է «հարկման արտոնյալ համակարգի»։
Հարկային շեմի բարձրացմամբ՝ կառավարությունը նախատեսում է 17,8 միլիարդ դրամի պետական եկամուտների աճ ունենալ։
«ՀՀ-ում կան 50 000-ից ավել շրջհարկ վճարողներ, և բոլորը միասին 2023-ի արդյունքներով վճարել են Հայաստանի հարկերի 2,3 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է»,- ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարությունն առաջարկել է նաև որոշակի ուղղություններով սահմանափակել տնտեսվարողներին աշխատել շրջանառության հարկով և գործել որպես միկրոձեռնարկություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է շրջհարկի ցածր դրույքաչափի ռիսկն այն իմաստով, որ նա «մոտիվացնում է» բիզնեսին թաքցնել իրական եկամուտների չափը։
«Շրջանառության հարկը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ է ստեղծում։ Մեր տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ օգնում է մարդկանց աճել։ Մեզ թվացել է, որ պետք է ստարտային մոտիվացիա, այսպես ասած՝ «տրամպլին» ստեղծենք մարդկանց համար, որպեսզի նրանք «աճեն» և փուլերով հասնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ փաստացի այդ տնտեսվարողները հարկման ավելի բարձր փուլ չանցնելու համար թռիչքաձև զարգանալու փոխարեն արգելակում են (արհեստականորեն մասնատում են բիզնեսը, որպեսզի չանցնի ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմը և չմտնի ընդհանուր հարկման համակարգ-խմբ.)։
«Այժմ շրջանառության հարկի սահմանաչափը տարեկան 120 մլն դրամ է, այս գումարից հետո արդեն վճարում են ԱԱՀ։ Գործարարներն այժմ վճարում են 118,5 մլն դրամ։ Մեր սիրելի տնտեսվարողները հենց թռնելու պահը գալիս է, արգելակում են»,- պարզաբանեց Փաշինյանը։
Նշենք, որ ըստ նախագծի՝ կառավարությունը նախատեսում է 2024 թվականի հոկտեմբերից վերանայել շրջանառության հարկի համակարգը, իսկ 2025 թվականից՝ սահմանափակել միկրոձեռնարկությունների համակարգի շրջանակը։ Ներկայումս շրջանառության հարկ (փոխարինում է ԱԱՀ-ին և եկամտային հարկին) վճարում են տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը (2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը վերադարձրել է մինչև 115 մլն դրամ չհարկվող տարեկան շրջանառության):
Այս խմբին են պատկանում ՓՄՁ-ները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Խոսքը, մասնավորապես, առևտրային գործունեության շրջանառությունից 5% և արդյունաբերական գործունեությունից 3,5% վճարումների մասին է։
Այժմ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ հնարավորություն տալով նվազեցնել վճարման ենթակա հարկը փաստաթղթավորված ծախսերի միջոցով։ Մասնավորապես, առևտրային գործունեության ոլորտի ձեռնարկատերերի համար առաջարկվում է շրջանառության հարկի 10 տոկոս դրույքաչափ սահմանել ներկայիս 5 տոկոսի փոխարեն, հանրային սննդի համար սահմանել 12 տոկոս՝ 6-ի փոխարեն, արտադրական գործունեության ներկայացուցիչների համար՝ 7 տոկոս՝ 3,5%-ի փոխարեն, այլ տեսակի գործունեության համար՝ 10%՝ առկա 5%-ի դիմաց: