Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի և ՀԱՊԿ փոխգործակցության հարցեր չեն քննարկվել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«ՀԱՊԿ-ը Եվրասիական տնտեսական խորհրդի թեմա չէ։ ԵԱՏՄ-ում զուտ տնտեսական խնդիրներ կան»,- մեջբերում է գործակալությունն Օվերչուկի խոսքերը։
Մեկնաբանելով Հայաստանի և Եվրասիական միության հետագա փոխգործակցության հեռանկարները՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը հանդես է եկել ԵԱՏՄ շրջանակներում կառուցողական աշխատանքի օգտին։
Օվերչուկի խոսքով՝ տնտեսական համագործակցության առումով կողմերի միջև «ամեն ինչ լավ է»։
«Հայաստանը շատ մեծ օգուտներ ունի ԵԱՏՄ-ից։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը գրեթե կրկնապատկվել է՝ կապված առևտրի աճի հետ, որն ընթանում է արագացված տեմպերով ասոցիացիայի անդամ երկրների միջև»,- հավելել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Հայաստանն «ահռելի օգուտներ» ունի Ռուսաստանի և Եվրասիական միության այլ երկրների հետ համագործակցությունից։
«Այն մեծ նախապատվություններ ունի էներգակիրների և պարենային ապրանքների գների նկատմամբ։ Մեր առևտրի ծավալը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով։ Մեր տնտեսական համագործակցության մեջ ամեն ինչ կարգին է»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը։
Ելույթ ունենալով Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ Փաշինյանը նշել էր, որ գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է անդամ երկրների տնտեսությունների համար սերտ տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։ Նա ընդգծել էր, որ Երևանն իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության համար՝ «ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման»։