Մայիսի 20-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ մոտ երկու ժամ տևած նիստում թեժ քննարկումներ են ծավալվել Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել 38 %-ի չափով, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել ԱԺ տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը։ Նրանց կարծիքով՝ այդ փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ինչը կանդրադառնա նաև նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա, հավելել է թերթը:
Մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները գործադուլ են իրականացնում՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Նրանք այդպիսով Ազգային ժողովից պահանջում են օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող «խնդրահարույց» իրավակարգավորումները: