ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը շրջայց են կատարել անցակետի տարածքում: Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետում կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է, հիշեցրել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։
Գերատեսչությունը հայտնել է, որ անցակետն աշխատելու է «մեկ պատուհան» համակարգով, առկա են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ, օրինակ, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ, պահեստ, ավտոկայանատեղիներ, սպասարկման սրահ, խորը զննման անգար, ընդարձակ հրապարակ։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հունվարի 12-ին հայտնել էր, որ Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման։ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու պայմանավորվածություն կա։