Պատմականորեն Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիան վտանգ է ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգության համար, հայտարարել է «Հայ գործարարների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած Armenian Business Forum 2024-ի ընթացքում։
Նա ընդգծել է, որ հայ գործարար համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները, համախմբել և կամուրջ դառնալ երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար:
Կարապետյանի խոսքով՝ միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամի պայմաններում կարևոր է պահպանել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկար տարիների ընթացքում ձևավորված սերտ երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ քաղաքական, գործարար և մշակութային:
«Այսօր Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին։ Կարծում եմ, որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են Հայաստանի տնտեսական անվտանգության համար։ Ես բոլորին կոչ եմ անում սթափ գնահատել նման քայլերի հետևանքները»,- հայտարարել է «Տաշիր« ընկերությունների խմբի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական գործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար:
«Եվ դրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Ամենամեծ հայկական սփյուռքը Ռուսաստանում է, որը հանդիսանում է հայ-ռուսական համագործակցության հիմքը»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում կարևոր կապող օղակ է եղել երկու երկրների միջև և մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում: Նա նշել է, որ Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցում են տնտեսական և սոցիալական նախագծերին, ներդրումներ են կատարում Հայաստանում և զբաղվում բարեգործական գործունեությամբ՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:
«Սփյուռքի՝ հանրապետության կյանքի վրա ազդելու հնարավորությունը խոսում է նրա կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի համար ռեսուրսների, գիտելիքների և փորձի լրացուցիչ աղբյուր։ Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի: Ուժեղ սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է»,- ընդգծել է Կարապետյանը։
Նա նշել է, որ վերջին տարիները շատ բարդ էին Հայաստանի համար։
«Մենք բոլորս խորապես վշտացած ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին։ Մենք կանգնել ենք նրանց կողքին, էլի կկանգնենք, առանց կասկածի: Մենք անմասն չմնացինք նաև անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար հոգատարության տակ վերցրինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված լքեցին իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։
Նշելով, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային է մնում աջակցությունն արցախցիներին, Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել չմոռանալ իրենց պարտքի մասին, հնարավորինս աջակցել հայրենակիցներին:
Կարապետյանի խոսքով՝ չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է բարենպաստ երկիր մնալ բիզնես վարելու համար՝ հատկապես ռուսաստանցիների տեսանկյունից: Նա հավելել է, որ Հայաստանը երկար ժամանակ շարունակում է առաջատար լինել ԵԱՏՄ երկրներում տնտեսության աճի ցուցանիշով, ի դեպ, նույն երկրների շնորհիվ, և բաց է սերտ գործընկերության համար՝ երկրների միջև ավանդական բարեկամական փոխգործակցության հաշվին:
«Կարևոր է հասկանալ, որ մեզանից այսօր իրական գործողություններ, կոնկրետ քայլեր են պահանջվում։ Մենք պետք է նայենք առաջ, դեպի ապագա, ստեղծենք այնպիսի հնարավորություններ տնտեսության և բիզնեսի զարգացման համար, որոնց դեպքում Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Կարապետյանը։
Նա Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ վստահության, գործարար կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում երկխոսության ընդլայնման կոչ է արել:
Կարապետյանն ընդգծել է, որ «լսելու և միմյանց նկատմամբ հարգանք ու փոխըմբռնում ցուցաբերելու ունակությունն է, որ պետք է լինի հարաբերությունների հիմքում»:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը նաև իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերին և ծննդյան օրվա առթիվ շնորհավորել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
«Վերջում ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անարդարացիորեն ձերբակալված են և գտնվում են Բաքվի բանտում։ Եվ հիշեցնեմ, որ այսօր մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Բոլորիս անունից ուզում եմ շնորհավորել նրան»,-եզրափակել է Կարապետյանը։
Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ ձեռներեցներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին: