«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ելույթ ունենալով Մոսկվայում կայացած Armenian Business Forum 2024-ին, խոսել է վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանում խմբի ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի մասին: Նա նշել է, որ ծանր արդյունաբերության ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում ամենամասշտաբային նախագիծը T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է։ Դա մոտ 20 հեկտար արտադրական և պահեստային տարածք է, որի մուտքը դեպի Հայաստանի երկաթուղի է, որն, իր հերթին, միացված է վրացական գլխավոր ծովային Փոթի նավահանգստին, հստակեցրել է նա։
Արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դոլար։ Կարապետյանի խոսքով՝ գործարանի ընդհանուր անվանական արտադրողականությունը կազմում է 150 000 տոննա հեղուկ պողպատ և կկարողանա լուծել ոչ միայն երկրում պողպատի դեֆիցիտի խնդիրը, այլև թույլ կտա արտահանել այն: Սա կարևոր և որակական առաջընթաց է Հայաստանի տնտեսության համար, որը պետք է խթանի երկրում արդյունաբերության ողջ ճյուղի զարգացմանը, ընդգծել է նա։
Կարապետյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին խումբը գործարկել է ևս մեկ համակարգաստեղծ ձեռնարկություն՝ ուժային տրանսֆորմատորների՝ AMPER-ի եզակի արտադրությունը։ Նրա տվյալներով՝ երկրում այդ բարդ սարքավորումների սպառման 90%-ը հոգում է հայկական արտադրողը։ Նախատեսվում է նաև գործարանի հետագա ակտիվ ընդլայնում և տեխնիկական հագեցվածություն՝ սահմանակից երկրների շուկա մուտք գործելով Էկո դասի բարձրավոլտ տեխնոլոգիական տրանսֆորմատորներով:
Բացի դրանից՝ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռնամուխ է եղել տարածաշրջանում պղնձի էլեկտրոլիտային ռաֆինացման առաջին արտադրության ստեղծմանը, ինչպես նաև գործարկել է ալյումինե արտադրանքի սեփական արտադրությունը: «Տաշիր»-ը, էներգետիկայի ոլորտում համագործակցելով համաշխարհային առաջատար ընկերությունների հետ, Հրազդան քաղաքում սկսել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցում՝ կիրառելով ամենաժամանակակից լուծումները: Դրա շնորհիվ սպասվում է ՕԳԳ-ի 50% աճ՝ համեմատած հին ՋԷԿ-ի 33% ցուցանիշի հետ, որը չի համապատասխանել ներկայիս ստանդարտներին և տեխնոլոգիաներին։
Որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության մինչև 2033թ. բարձրացման ևս մեկ երկարաժամկետ նախագիծ՝ Կարապետյանն առանձնացրել է Սևան-Հրազդան կասկադի կապիտալ արդիականացումը: Նա նշել է, որ այն շահագործման է հանձնվել 1962 թվականին և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է Արարատյան դաշտի հողերի էներգամատակարարման և ոռոգման համար:
Չնայած օբյեկտի կարևորությանը՝ այն գտնվում էր կրիտիկական տեխնիկական վիճակում, և խումբը 2021 թվականին գործարկել է Կասկադի 200 ՄՎտ հզորության կապիտալ արդիականացումը, հայտնել Է փոխնախագահը։
Նա հստակեցրել է, որ այսօր արդեն ներդրվել է 29 մլն դոլար, իսկ մինչև 2033 թվականը կներդրվի ևս 120 մլն դոլար: Խումբը նաև շարունակում է 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում:
Կարապետյանի տվյալներով ՝ այս ընթացքում արդիականացվել է երկրի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքը, կառուցվել են նոր ենթակայաններ, ներդրվել են էլեկտրաէներգիայի վերահսկման և հաշվառման խելացի համակարգեր:
Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակը կարելի է համեմատել այդ ոլորտում միջազգային լավագույն ցուցանիշների հետ: 2016 թվականից ի վեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ընդհանուր առմամբ ներդրվել է 653 մլն դոլար և նախատեսվում է շարունակել տարեկան ներդնել ավելի քան 100 մլն դոլար:
Կարապետյանի խոսքով՝ ընկերությունների խումբը գերազանց արդյունքներ ունի նաև թեթև արդյունաբերության ոլորտում: Նա տեղեկացրել է, որ այս ընթացքում կրկնապատկվել են TASHIR KAR տեքստիլ գործարանի արտադրական հզորությունները։ Այս նախագիծը կարևոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովելով Լոռու մարզի 300 բնակիչների զբաղվածությունը, նշել է ընկերության ներկայացուցիչը։ Անիտեքս խմբի երկրորդ տեքստիլ գործարանը նոր սարքավորումներով համալրման շնորհիվ արձանագրել է արտադրողականության 50% աճ:
Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիրը» շեշտը դնում է նաև տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման վրա: Նա տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Իջևան քաղաքում իր դռներն է բացել նոր Old Ijevan Hotel հյուրանոցը, իսկ Տաշիր քաղաքում կառուցվում է ևս մեկը, որը մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի հյուրեր ընդունել:
Փոխնախագահը տեղեկացրել է, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Երևանի կրկեսի շենքում: Նա վստահություն է հայտնել, որ բացումից հետո նախագիծը կզարմացնի ոչ միայն բնակիչներին, այլև Հայաստան այցելող հյուրերին:
«Մանրամասները չեմ բացահայտի, բայց շատ տեխնիկական բնութագրերով այն իր տեսակի մեջ եզակի կդառնա ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ԱՊՀ-ի համար: Բացումը նախատեսվում է հաջորդ տարվա հունիսին»,- հայտնել է Կարապետյանը։
Նա ասել է, որ ընկերությունների խումբն առաջնահերթություն է տալիս սոցիալական պատասխանատվությանը: 2021 թվականից ստանձնել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի 146 վնասված և ավերված տների վերակառուցումը: Հիմնական աշխատանքներն արդեն կատարվել են և կավարտվեն տարեվերջին։
«Տաշիր»-ը լիակատար խնամքի տակ է վերցրել մի քանի հազար տեղահանված արցախցու։ Օգնությունը շարունակվում է մինչ օրս»,- հայտնել է ընկերությունների խմբի փոխնախագահը։
Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ ձեռներեցներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին: