«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է 3 տարում Երևանի կենտրոնում էլեկտրական ցանցի նոր համակարգ ձևավորել ու լուծել անջատումների խնդիրը, «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Խոսելով անջատումների խնդիրների մասին՝ նա տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանին 3 տարվա ներդրումային ծրագիր են ներկայացրել, որը լուծելու է անջատումների խնդիրը։
«Երևանում ցանցը կառուցվել է 1965-1970 թվականներին, մինչդեռ հիմա սպառումը 10 անգամ ավելացել է։ Ցանցի կառուցումից ի վեր թե՛ մալուխային, թե՛ ենթակայանների համակարգում ոչ մի նոր հզորություն չի ստեղծվել, ոչ մի ներդրում չի արվել։ ՀԷՑ-ը հիմա մշակել է ներդրումային ծրագիր, որը ներկայացրել ենք Երևանի քաղաքապետարան։ Այժմ քննարկումները քաղաքապետարանի հետ ակտիվ փուլում են։ Մենք մոտավորապես 3 տարում քաղաքի կենտրոնում ամբողջությամբ նոր համակարգ ենք ձևավորելու, ինչն ամբողջությամբ կվերացնի խնդիրները»,- տեղեկացրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի անջատումները կապված են վերանորոգման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում։
«Ամբողջ Հայաստանի տարածքում մենք նման խնդիր չունենք, իսկ որտեղ անջատումներ են լինում, դրանք կապված են վերանորոգման աշխատանքների հետ»,- մանրամասնել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը հայտնել է, որ առնվազն մինչև 2050 թվականը ՀԷՑ-ն իր մասով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ չի ներկայացնի։ Միաժամանակ՝ նա նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ձևավորվում է երեք բաղադրիչից։
«Սակագինը բաղկացած է արտադրողներից, բարձրավոլտ և բաշխիչ ցանցերից։ Մենք բաշխիչ ցանցի պատասխանատուն ենք։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր մասով տասնյակ տարիներ սակագնի բարձրացման խնդիր չի լինելու, բայց մենք չենք կարող երաշխիք տալ, որ եթե վաղը գազի գինը երկու անգամ բարձրանա, սակագինը նույնը կմնա։ Այդուհանդերձ, մեր մասով կարող եմ ասել, որ մինչև 2050 թվականն սպառողները կարող են հանգիստ լինել»,- եզրափակել է Կարապետյանը։
«Տաշիր գրուպ»-ը ՀԷՑ-ի ձեռքբերման մասին պայմանագիր էր ստորագրել 2015-ին։ 2024-ի փետրվարին ՀԷՑ-ի ղեկավար կազմը ներկայացրել էր ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքը։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել էր, որ 680 մլն դոլար ներդրումներն ուղղվել են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը։