Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում էներգաշուկաների շուրջ անհամապատասխանությունների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գրիգորյանն այդ մասին հայտարարել է Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
«ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, բայց ընդհանուր շուկաների ձևավորման համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են առևտրի որակական փոփոխություններ։ ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է։ Ակնկալում ենք կառուցողական մոտեցում գործընկերների կողմից, որը թույլ կտա չեզոքացնել առկա մի շարք անհամապատասխանություններ և առաջընթաց գրանցել»,- ասել է փոխվարչապետը։
Գրիգորյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ն դրական տնտեսական ցուցանիշների է մոտեցել։
«Սակայն ընդհանուր շուկայի ձևավորումը կախված է ոչ այնքան անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից»,- հավելել է Գրիգորյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում է Գրիգորյանը։ 2024 թվականին Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Փաշինյանն Ալմաթիում փետրվարի 2-ին նախագահել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։