Երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացի պարզեցման շրջանակում ապրիլի 11-ից ՊԵԿ-ն անվճար ուսումնասիրություն է իրականացնում, հայտնում են ՊԵԿ-ից։
Ըստ ընթացակարգի, եթե որևէ ապրանք իր նկարագրով և կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանու՞մ է այդպիսին, թե՞ ոչ։
«Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։ Պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը հանդիսանո՞ւմ է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՞ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները»,- բացատրել են ՊԵԿ-ում։
Գերատեսչությունը հավելել է, որ այդ փորձաքննությունները մինչև վերջերս վճարովի էին՝ ռազմական նշանակության ապրանքների դեպքում 12 000 դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60 000 դրամ։ Գործընթացը տևել է 2-5 օր։
Կոմիտեից հայտնել են, որ ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար է իրականացնում այդ նախնական ուսումնասիրությունը և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։
Ապրիլի 11-ից մայիսի 31-ը ՊԵԿ-ն ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ է ստացել, և յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։ Նոր բարեփոխման արդյունքում՝ ՊԵԿ-ի փոխանցմամբ, տնտեսվարողները տնտեսել են ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15 936 000 դրամ։