Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացնելու մասին օրենքի ընդունումը փոքր և միջին բիզնեսի համար այս փուլում ռիսկային չի համարում, բայց կարծում է, որ խնդիրներ կառաջանան այն ժամանակ, երբ կառավարությունն ընդհանրապես հրաժարվի այդ հարկատեսակի համակարգից։ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել է, որ եթե կառավարությունը, ինչպես հայտարարում է, հրաժարվի շրջանառության հարկի համակարգից, «խոշոր բիզնեսը կխեղդի ՓՄՁ-ներին, ինչի հետևանքով ՓՄՁ-ները կփակվեն, իսկ Հայաստանը կդառա ֆեոդալական երկիր»։
Վերջին փոփոխությունները փորձագետը խնդրահարույց է համարել փաստաբանական և բրոքերային ծառայությունների մասով, որոնք դուրս եկան շրջանառության հարկի համակարգից և գործելու են հարկման ընդհանուր համակարգում։ Նա նշել է, որ փոփոխություններով փաստաբանական և բրոքերային ծառայությունների հարկային բեռը մոտ 8 անգամ ավելանում է, ծառայությունների գները՝ ավելի քան 30%-ով թանկանում են։
«Բացի այդ, երբ փաստաբանական ծառայություններին բերում են ընդհանուր հարկման դաշտ, մարդկանց զրկում են մատչելի իրավական աջակցություն ստանալու իրավունքից։ Առանց այդ էլ փաստաբանական ծառայությունը բավականին թանկ է, ինչի պատճառով մարդիկ պատշաճ իրավական աջակցություն չեն կարողանում ստանալ։ Հիմա, առավել ևս, չեն կարողանալու իրավական աջակցության ստանալ, քանի հարկային բեռի ավելացմամբ ծառայությունների արժեքը նվազագույնը 30%-ով բարձրանալու է։ Խնդիր է նաև այն, որ փաստաբանական գործունեություն ծավալողները, բրոքերական ծառայությունները կարող են ընդամենը հասարակական կազմակերպություններ բացել և ընդհանրապես խուսափել հարկերից․ այս դեպքում հնարավոր է չկարողանան հավաքագրել անգամ շրջանառության հարկը»,- ասել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ օրենքի կիրառումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել, թե շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումն առևտրի և արտադրության ոլորտների վրա ի՞նչ ազդեցություն կունենա։ Ընդ որում՝ ընդգծել է նա, փոքր և միջին բիզնեսի կողմից օրենսդրության ճիշտ կիրառման ու բոլոր ծախսերը հաշվի առնելու դեպքում հարկերը կարող են կրճատվել։
«Այս տեսնակյունից հանուն արդարության պետք է նշել, որ նաև նվազեցումների բարձրացումներ են տեղի ունենում։ Այսինքն, եթե փոքր և միջին բիզնեսն իր ձեռքբերումները և վաճառքն ամբողջությամբ փաստաթղթավորի, հարկերն իրականում նվազում են։ Իսկ եթե բախվեն փաստաթղթավորման անհնարինությանը, այստեղ, այո՛, հարկային բեռը մեծանում է։ ՓՄՁ-ների մասով ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի իրականության կբախվենք վերջին փոփոխությունների կիրառումից հետո։ Բայց առավել վտանգավոր են հետագա հնարավոր զարգացումները․ կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև ԱԺ-ում, գործադիրի ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ շրջանառության հարկից ընդհանրապես պետք է հրաժարվել, և բոլորը պետք է գործեն մեկ միասնական հարկման դաշտում։ Սա անթույլատրելի է՝ միանգամից խեղդելու է փոքր և միջին բիզնեսին»,- նշել է փորձագետը։
Շրջանառության հարկի համակարգից հրաժարվելու հիմնական վտանգը Սարգսյանը բացատրել է փոքր խանութների և սուպերմարկետների օրինակով։ Հարկատեսակից հրաժարվելը, նրա խոսքով, առևտրի փոքր կետերի ներկայացուցիչներին կստիպի վերանայել մրգերի և բանջարեղենի գները, որոնք այժմ համեմատաբար ցածր են սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից։
«Փոքր և միջին բիզնեսի կարևորագույն մրցակցային առավելությունն այն է, որ ի տարբերություն խոշոր բիզնեսի՝ ավելի քիչ հարկ են վճարում, ինչի արդյունքում իրենց մոտ գներն ավելի մրցունակ են լինում։ Օրինակ՝ դիտարկենք մրգերի փոքր խանութի ու սուպերմարկետի տարբերությունը։ Մարդուն, իհարկե, ավելի հարմար է մեկ վայրից կատարել իր բոլոր գնումները՝ թե՛ սնունդը, թե՛ տնտեսական ապրանքները։ Փոքր խանութ գնալու և այնտեղից օգտվելու միակ մոտիվացիան գնային տարբերությունն է։ Այսինքն՝ մարդը կարող է մտնել սուպերմարկետից լվացքի փոշի գնել, բայց սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքր խանութից միրգ գնել։ Եթե փոքր և միջին ձեռնարկություններին բերեն ընդհանուր հարկման դաշտ, նույն մրգերի գները կբաձրանան ու չեն տարբերվի սուպերմարկետի մրգերի գներից։ Այս դեպքում՝ որևէ մեկն այլևս փոքր խանութից օգտվելու մոտիվացիա չի ունենա, ինչը կհանգեցնի փոքր և միջին բիզնեսի փակմանը»,- հավելել է Աուդիտորների պալատի նախագահը։
Կառավարության ներկայացուցիչները, խոսելով շրջանառության հարկի համակարգից հրաժարվելու մասին, ըստ փորձագետի, հայ հասարակությանը նախապատարաստում են ՓՄՁ-ների փակմանը։
«ՓՄՁ-ների փակման հետևանքով ամբողջ տնտեսութունը կենտրոնանալու է մի քանի խոշորի ձեռքում, ինչը խիստ վտանգավոր է։ Այս կառավարության անդամները շատ են սիում խոսել ֆեոդալիզմի մասին․ շրջանառության հարկի համակակարգից հրաժարվելու դեպքում Հայաստանը ֆեոդալական երկիր է դառնալու»,- եզրափակել է Սարգսյանը։
Փաստաբանները մայիսի 21-ին գործադուլ էին հայտարարել՝ հայտարարելով, որ օրենքի ընդունման դեպքում իրավաբանական ծառայություններն ավելի քան 30%-ով թանկանալու են։ Այդուհանդերձ, մայիսի 11-ին ԱԺ-ն ընդունել էր շրջանառության և միկրոձեռնարկատիրության հարկերի արտոնյալ համակարգերին առնչվող նախագիծը, որով փաստաբանական և բրոքերային ծառայությունները դուրս են եկել շրջանառության հարկի համակակարգից։
Կառավարության մայիսի 2-ի նիստում գործադիրը հավանություն էր տվել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը գործող 5-ի փոխարեն 10 տոկոսի սահմանաչափ դարձնելու նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «շրջանառության հարկը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ է ստեղծում»։ Նա խոսել էր «փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվելու» անհրաժեշտության մասին։
Աննա Բադալյան