Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև երկրի դիմադրողականության ամրապնդման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո (6 միլիարդ 250 միլիոն ՀՀ դրամ):
Այն ֆինանսավորվելու է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։
Նախագծում նշվում է, որ գումարը կուղղվի մի քանի նպատակով՝
Աջակցել փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:
Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով:
Փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումն աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։
Մեկ այլ ծրագրով կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» համաձայնագրի ստորագրմանը, որի ընդհանուր արժեքը 3 միլիոն եվրո է (1 միլիարդ 250 միլիոն ՀՀ դրամ):
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման հարցում, հատկապես՝ առողջապահության ոլորտներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ: