«Յունիբանկը» դադարեցրել է ռուսական «Յունիստրիմ» համակարգով ուղարկված դրամական փոխանցումների տրամադրումը, Armenia Today-ին հայտնել են այն քաղաքացիները, ովքեր այսօր փորձել են փոխանցումներ ստանալ բանկում:
Բանկի զանգերի կենտրոնից քաղաքացիներին պատասխանել են, որ խնդիրները ծագել են հունիսի 19-ին և այսօր՝ հունիսի 20-ին, դեռ չեն լուծվել։ Բանկից հաճախորդներին հայտնել են, որ այս պահի դրությամբ «Յունիստրիմ» համակարգով չեն աշխատում։ Բանկի մասնաճյուղերից մեկում բանկի աշխատակիցները նույն պատասխանն են տվել նաև Armenia Today-ի թղթակցին։ «Յունիբանկի» մամուլի ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց, խմբագրությունը հարցում է ուղարկել ընկերությանը։
Միևնույն ժամանակ՝ «Յունիստրիմի» զանգերի կենտրոնից Armenia Today-ին հայտնել են, որ համակարգի միջոցով Հայաստանում փոխանցումներ կարելի է ստանալ նաև «Յունիբանկից»։
««Յունիստրիմ» բացի մեր գործընկերներն են նաև «Արցախբանկ»-ը և VTB-ն»,- մանրամասնել են զանգերի կենտրոնում:
VTB-ից հայտնել են, որ բանկը շարունակում է աշխատել «Յունիստրիմի» հետ, փոխանցումները տրամադրվում են դրամով՝ բանկի ընթացիկ փոխարժեքով: Հայտնել են, որ բանկը կարող է թողարկել ռուբլի, բայց պայմանով, եթե հաճախորդը նախապես զանգահարել է 87-87 հեռախոսահամարով և պատվիրել 150 000 ռուբլուց սկսած։ Հաճախորդը նաև պետք է նշի, թե որ մասնաճյուղում է ցանկանում դրանք ստանալ:
«Արցախբանկից» բանավոր չպատասխանեցին մեր հարցերին, խմբագրությունը հարցում է ուղարկել բանկին։
2023 թվականի հուլիսին Արդշինբանկը, Հայէկոնոմբանկը և Էվոկաբանկը դադարեցրել էին «Յունիստրիմ»-ով փոխանցումները։ Համակարգի սպասարկման հետ կապված խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ այն հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Յունիստրիմը» 2023 թվականի հուլիսի 21-ից դադարեցրել էր Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ արտարժույթով բոլոր փոխանցումները և հնարավոր էր գումար փոխանցել բացառապես ռուբլով և ստացողի երկրի ազգային արժույթով։