Հայաստանի ֆինանսների նախարարությունը հունիսի 24-ին Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է ստորագրել, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջանառությունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բարենպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հարկային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը համաձայնագիրն ստորագրել են Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում։