Կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից վարկային համաձայնագրի վավերացման նախագծին։ Որոշումը կայացվել է կառավարության հունիսի 27-ի նիստում։
Քաջարան-Սիսիան 60 կմ նոր ճանապարհի կառուցման նախագիծը նախատեսվում է իրականացնել երեք հատվածներով՝ հյուսիսային (27 կմ), կենտրոնական (Բարգուշատի թունել, 8,6 կմ) և հարավային (24,2 կմ):
Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն դրամ։ Մայրուղու հարավային հատվածի ֆինանսավորման չափը կկազմի 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն կֆինանսավորի ՎԶԵԲ-ը, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ն: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մի մասը կազմում է 79 մլն եվրո։
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին, ասված է նախագծում
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբեր:
Մայիսի 8-ին նախարարների կաբինետը հավանություն էր տվել ՎԶԵԲ-ի հետ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել էր, որ այս ծրագրի իրականացումը կնվազեցնի Քաջարան-Սիսիան հեռավորությունը 118 կմ-ից մինչև 60 կմ, իսկ միջին արագությունը կբարձրանա 50-ից մինչև 100 կմ/ժ։