Կառավարությունը ֆինանսական կառույցներին հնարավորություն կտա երկարաձգել այն տնտեսավարողների վարկի մարման ժամկետները, որոնց գործունեությունը տուժել է մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։
Դժվարին իրավիճակում հայտնված շահառուները կշարունակեն օգտվել իրենց ավելի վաղ հատկացված աջակցություններից, ծավալել գործունեություն և մարել վարկային պարտավորությունները, ասված է նախագծում։
Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված տեղեկատվության՝ այդպիսի շուրջ 100 տնտեսավարողի կողմից ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։