ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը նաև կարևորել է կազմակերպության անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Հայաստանը հուլիսի 1-ից ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը 2018թ. առաջին կեսին էր։
Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։