«Ակադեմիական քաղաքի» կառուցումը խոշորածավալ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տրիլիոն դրամ, լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ խոսքը նախնական հաշվարկների մասին է, իսկ ամբողջ ծրագրի հստակ արժեքը հայտնի կդառնա շենքերի կառուցման մրցույթների անցկացումից հետո։ Նախարարը հավելել է, որ պետությունը միայնակ չի իրականացնելու ծրագիրը։
«Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի․ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է։ Ակնհայտ է, որ այստեղ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ, Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիր ենք ամբողջացնում, բավականին մեծ հետաքրքրություն կա»,- ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում 3 տեղադիրք էին քննարկում․ Աշտարակի հատվածում, «Հայֆիլմի» տարածքում և Երևանի 17-րդ թաղամասին կից հատվածում։ «Երբ կոնկրետ ուսումնասիրություններ սկսվեցին, այդ ժամանակ պարզ դարձավ, որ Երևանի 17-րդ թաղամասին հարակից հատվածում կա բավականին մեծ տարածք, որը կարող է տեղավորել այն ամենը, ինչ պատկերացնում ենք «Ակադեմիկան քաղաքի» շրջանակներում»,- ավելացրել է նախարարը։
Իր հերթին՝ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը հայտնել է, որ նախագծի ամբողջական իրականացումը տևելու է 20-30 տարի, և այժմ դժվար է նշել դրա ճշգրիտ արժեքը: Նա չի նշել մինչև 2029 թվականը ծրագրի վրա ծախսվելիք գումարի չափը։
Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:
Ներկայացնելով «Ակադեմիական քաղաքի» գլխավոր առավելությունները՝ նա հավելել է՝ ամենակարևորն ակադեմիական միջավայրն է, որը նաև նոր ենթակառուցվածքներ և կրթական հնարավորություններ է ընձեռում: Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում «Ակադեմիական քաղաքում» կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտ, համերգասրահ, հանրային գրադարան և այլն: Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքում» առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին:
Առաջին փուլով, նախնական հաշվարկով, «Ակադեմիական քաղաքում» աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Կրթության նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։