Հայկական կողմը պաշտոնապես դիմել է Ասիական զարգացման բանկին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով, տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրությունից։
Գերատեսչությունից հայտնել են, որ հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են ՀՀ-ի պաշտոնական դիմումին և ԱԶԲ կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը։
«Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի մասնակցությանը ծրագրին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով: Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ ԱԶԲ-ի գործադիր տնօրենի տեղակալն, իր հերթին, հայտնել է, որ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրն ԱԶԲ-ի տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ։