Արաբական Միացյալ Էմիրությունների բյուջետային Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է հայկական Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց ներկայացնել, գրում է Global Arbitration Review-ն։
«Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց սկսել՝ կապված երկրի ազգային ավիափոխադրող ստեղծելու համատեղ ձեռնարկության հետ («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի, որը ներկայանում էր «Ֆլայ Արնա» ապրանքանիշով-խմբ․)»,- ասված է հրապարակման մեջ։
2024 թվականի հունվարին Fly Arna ավիափոխադրողը հայտարարել էր թռիչքների դադարեցման մասին։ Որպես թռիչքների դադարեցման պատճառ՝ նշել էին «օպերացիոն փոփոխությունները»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթը 2023թ. դեկտեմբերի 1-ին հայտնել էր, որ Fly Arna-ն այլևս Հայաստանից չվերթեր չի իրականացնելու կազմակերպչական և ֆինանսական խնդիրների, մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության կողմից հայտնաբերված ակնհայտ խախտումների պատճառով: Ըստ պարբերականի՝ «ընկերության ձախողումը կապվում է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է հանդիսացել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»:
Ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում էր ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից։
2024-ի հունիսին հայտնի էր դարձել, որ ընկերությունը մինչ օրս չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսին կայացած ասուլիսի ժամանակ չէր պարզաբանել աշխատավարձերի հետ կապված հարցը՝ հորդորելով դիմել Fly Arna-ին։