ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք, հաստատել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ռոսսելխոզնադզորի»` ՍԱՏՄ-ին ուղղված նամակում նշել են, որ որոշման պատճառը Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրած խախտումներն են։
ՍԱՏՄ-ն տեղեկացրել է խնդրի լուծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին։
«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով»,- հավելել են ՍԱՏՄ-ում։
ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին տեղեկացրել է իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել, ասված է հաղորդագրության մեջ։
«Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,- եզրափակել են ՍԱՏՄ-ում։
2024-ի մարտին Ռուսաստանն աղիքային ցուպիկի պատճառով արգելել էր Հայաստանից կարմիր խավիարի ներկրումը։ Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանում արտադրվող «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին այն խմելու պատճառով Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածքի մասին հաղորդումներից հետո։