Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին տեղեկացրել է, որ հուլիսի 22-ին ավարտվել է 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու սահմանված ժամկետը։ ՊԵԿ-ը նախազգուշացրել է այն չներկայացնելու դեպքում նախատեսվող տուգանքների մասին։ ՊԵԿ-ում ընդգծել են, որ եթե քաղաքացին հիշեցումից հետո հայտարարագիրը չներկայացնի, ապա կարող է մինչև 50 000 դրամի չափով տուգանվել։
«Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում առաջին անգամ չներկայացնելու դեպքում դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։ Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ), հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն»,- պարզաբանել են ՊԵԿ-ում։
Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք՝ 5 հազար ՀՀ դրամի չափով, հավելել են ՊԵԿ-ում։
«Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է»,- զգուշացրել է ՊԵԿ-ը։
Մարտի 21-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ գործարկվել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի համապատասխան փաթեթն ընդունվել է 2023-ի նոյեմբերի 17-ի կառավարության նիստում։