Fly Arna-ի հետ կապված ռեֆորմները ժամանակին չեն իրականացվել, հուլիսի 24-ին կայացած ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով հարցին, թե իրեն մեղավոր չի՞ զգում ազգային ավիափոխադրողի ձախողման համար։
Fly Arna-ն 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում էր ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից։ Այն հիմնադրվել էր «Air Arabia» ավիաընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) կողմից։ Ավինյանը 2019-2023 թվականներին եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ 2024 թվականի հունվարին ավիափոխադրողը հայտարարել էր թռիչքների դադարեցման մասին։ Հուլիսի 19-ին Global Arbitration Review-ն գրել էր, որ Air Arabia-ն պատրաստվում է Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց ներկայացնել։
«Այն խնդիրները, որոնք դրված էին ԱՆԻՖ-ի առջև, երբևէ որևէ կառույցի առջև դրված չեն եղել։ Ով օգտվել է այդ ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ է հասկանում, թե ինչ որակի մասին է խոսքը։ Կներեք՝ այն «սամալյոտի» «մարշրուտկա» չէր, վերջապես պատվով կարող էիր ազգային ավիափոխադրողով x կետից y կետը թռչել։ Ես մի հարցում եմ ափսոսում «Fly Arna»-ի պատմության մեջ․ այն ռեֆորմները, որոնք պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել»,- ասել է Ավինյանը։
Անդրադառնալով ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին՝ Ավինյանը հերքել է դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։ Նա այդպես է մեկնաբանել մասնավորապես էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե «հիմնադրամում չարաշահումներ են եղել, Ավինյանը հաշվետվություններ չի ներկայացրել»։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նախկին պաշտոնյաները, տարբեր պատճառներով զրկվելով պաշտոնից, իրենց որպես արդարության առաջամարտիկեր են ներկայացնում։ Տպավորություն են ստեղծում, թե մյուսները վատ էին»,- արձագանքել է Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահն է եղել, բայց այդ պաշտոնի համար չի վարձատրվել։
«ԱՆԻՖ-ը 2018 թվականից տարածաշրջանում միակն է եղել, որը ՀՀ էր բերել «Մասդար» ընկերությանը։ Ժամանակը շատ բան իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ, այս կամ այն գործով չարաշահում եղե՞լ է, թե՞ ոչ»,- ընդգծել է նա։
Ավինյանը սուտ է որակել էկոնոմիկայի նախկին նախարարի նաև այն հայտարարությունը, թե ինքը, լինելով ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ, հաշվետվություններ չի ներկայացրել։
«Սուտ է պնդումը, թե ինձնից հաշվետվություն են պահանջել, ես չեմ տվել և միայն իմ հեռանալուց հետո են այդ հաշվետվությունները տվել»,- եզրափակել է Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։