Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը Հունգարիայում տեղի ունեցած Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
Ենթախմբում թենիսի հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։
Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարն անցկացվել է 20 մարզաձևից:
Հուլիսի 24-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող, թաեքվոնդոյի մարզիկ Դավիթ Թորոսյանը և համալսարանի շախմատի թիմը Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) մրցումներում բրոնզե մեդալներ էին նվաճել։