Անապահովության գնահատման համակարգում իշխանության առաջարկած փոփոխությունները խնդիրներ են առաջացնելու, մեծ է ռիսկը, որ իրական աղքատ ընտանիքները կարող են դուրս մղվել անապահովության նպաստի համակարգից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին այսպես է մեկնաբանել պետական նպաստների գործող համակարգը փոխելու և անապահովության գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Ավետիսյանը կարծում է՝ առաջարկվող փոփոխություններն ամենևին նոր համակարգ չեն ենթադրում, և երկու նպատակ ունեն․ առաջին՝ կրճատել նպաստներին պետբյուջեից ուղղվող միջոցները, երկրորդ՝ նպաստ տալու մեթոդաբանությունը խստացնելու միջոցով կրճատել նպաստառուների թիվն ու ցույց տալ, թե նրանց թիվը նվազել է։
«Հայաստանում գործում է անապահովության գնահատման անուղղակի մեթոդաբանությունը, երբ ընդհանուր գործոններով ու ցուցանիշներով գնահատվում է ընտանիքի աղքատության մակարդակը, իսկ աշխարհի շատ երկրներում գործում է անապահովության ուղղակի գնահատման մեթոդը, ըստ որի՝ եթե եկամուտները մեկ անձի հաշվով ավելի պակաս են նվազագույն կենսապահովման զամբյուղից, մարդը համարվում է աղքատ։ Այս իշխանությունը 2018-ից խոստանում էր վերանայել անապահովության գնահատման համակարգն ու անուղղակիից անցնել ուղղակի գնահատման մեթոդին, ինչը չեն արել։ Մինչդեռ այն, ինչը հիմա նոր համակարգ են անվանում, բոլորովին նոր չէ։ Պարզապես եղած համակարգի ավելի խեղաթյուրված մոդելն են առաջարկում։ Գործող համակարգում ցուցիչներ են փոխում, բայց իրական նպատակը ոչ թե անապահովության օբյեկտիվ գնահատումն է, այլ ցույց տալը, թե, իբր, անապահով ընտանիքների թիվը կրճատվել է։ Այդկերպ փորձում են նաև կրճատել պետական բյուջեից նպաստներին ուղղվող գումարները»,- ասել է պատգամավորը։
Առաջարկվող փոփոխությունը, ըստ որի՝ նպաստի համար դիմողին աշխատանք են առաջարկելու, իսկ այն չընդունելու դեպքում մերժելու են նպաստ տալ, Ավետիյանը «կացնային» դրույթ է համարում։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, գործող համակարգում նման շատ ավելի մեղմ կարգավորում կա։
«Եթե ընտանիքում աշխատանքային տարիքի աշխատունակ անդամ կա, գործող համակարգով այդ հանգամանքը թուլացնում է անապահովության մակարդակը և քիչ հավանական է, որ ընտանիքը նպաստառու կդառնա։ Գործող համակարգում զբաղվածության ծրագրով մարդուն աշխատանք առաջարկելու և դրանից հրաժարվելու մասին կարգավորում ևս կա, պարզապես պետք էր այն արդյունավետ գործադրել։ Նոր առաջարկով՝ միայն կոշտություն են ավելացրել։ Փոխանակ անապահովության գնահատման շրջանակում լուծումներ գտնեն, կոշտ ձևով ասում են՝ աշխատանք կառաջարկենք, եթե հրաժարվես՝ կզրկենք նպաստից։ Նման կոշտ ձևն իր մեջ վտանգներ ունի։ Նախ՝ ում ուզեն՝ աշխատանք կառաջարկեն, իսկ հրաժարվելու դեպքում կզրկեն նպաստից։ Այս մեթոդը կարող է մեծ տարածում ունենալ»,- նկատել է Ավետիսյանը։
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հարցն այն է, թե ինչ աշխատանք են առաջարկելու մարդկանց։
«Եթե բարձրագույն կրթությամբ ու մասնագիտական աշխատանքային փորձ ունեցողին բանվորական աշխատանք են առաջարկում, դա չի կարող մարդու համար արժանապատիվ աշխատանքի առաջարկ լինել։ Հրաժարվելու դեպքում նրան աշխատանքից զրկելն ապասոցիալական բաղադրիչ կունենա։ Սա կտրուկ ու կացնային կարգավորում է, ինչն էական խնդիրներ է առաջացնելու։ Նման ձևով անապահով ընտանիքին առաջարկ անելն ու նպաստից զրկելը երբեք չի խթանելու աշխատանքը։ Հակառակը, նման կոշտ ու կոպիտ միջամտությունների դեպքում խթանվելու են կոռուպցիոն ռիսկերը։ Որպես հետևանք՝ անապահովության գնահատումը կդառնա ոչ օբյեկտիվ, և բարձր է ռիսկը, որ իրական շահառու ընտանիքները դուրս կմնան նպաստի համակարգից, աղքատության իրական ցուցանիշները կավելանան»,- ընդգծել է պատգամավորը։
Ավետիսյանն իշխանության առաջարկած փոփոխությունները կապում է նաև իշխանության խոստումների հետ, որոնք իրականություն չեն դարձել։
«Երբ 2018-ին եկան իշխանության, հայտարարում էին, որ աղքատության մակարդակը կիսով չափ նվազեցնելու են և վերացնելու են 1․5% կազմող ծայրահեղ աղքատությունը։ Իրենց իշխանության օրոք աղքատության մակարդակը ոչ թե կիսով չափ նվազել է, այլ աճ է արձանագրվել․ 2018-ի համեմատ 2023-ին աղքատության միջին մակարդակն ավելի քան 24% է։ 2018-ից 5 տարի անց ծայրահեղ աղքատությունը շարունակում է մնալ 1․5% կամ մի փոքր ավելի բարձր ցուցանիշի շրջանակում, իսկ գյուղական բնակավայրերում աճում է անգամ տնտեսական երկնիշ աճի ֆոնին։ Երբ տեսնում են, որ չեն կարողանում կյանքի որակի իրական բարելավում ապահովել, իսկ աղքատության մակարդակը չի նվազում իրենց խոստացածի չափով, այդ ամենը փորձում են քողարկել անտրամաբանական փոփոխություններով»,- եզրափակել է Ավետիսյանը։
Հուլիսի 11-ին կառավարությունը հավանություն էր տվել «Պետական նպաստների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի դեպքում պետությունը գործազուրկներին կառաջարկի աշխատանքի տարբերակներ, իսկ առաջարկվող աշխատանքից հրաժարվելը համարժեք կլինի նպաստներից հրաժարվելուն։
Աննա Բադալյան