ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») անհանգստացած է այս տարի Հայաստանից Ռուսաստան ոչ անվնաս բուսական արտադրանքի արտահանման դեպքերի աճով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ խնդրի վերաբերյալ հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլյա Շվաբաուսկենեն առցանց բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի հետ։
Բանակցությունների ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել, որ 2024 թվականին Ռուսաստան ներմուծված ապրանքների գրեթե կեսը չի ներկայացվել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաներին՝ կարանտինային բուսասանիտարական վերահսկողության համար: Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով մինչև պատճառների հետաքննության ավարտը դադարեցնել խախտումներ թույլ տված 16 մատակարարներից ապրանքների մատակարարումները ռուսական շուկա։
Ըստ գերատեսչության՝ հուլիսի 23-ի դրությամբ Հայաստանից ռուսական շուկա է ներկրվել 73,9 հազար տոննա միրգ և բանջարեղեն, ինչը գրեթե նույնն է 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած (74,8 հազար տոննա)։ Նշվում է, որ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է ծիրան (28,8 հազար տոննա), խնձոր (12,4 հազար տոննա), լոլիկ (8,7 հազար տոննա), պղպեղ (5,7 հազար տոննա):
Գերատեսչությունն արձանագրել է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցելու 98 դեպք։ Առանձին ակտիվ բաղադրիչների համար նորման գերազանցվել է 5-8 անգամ։
Ռուսական կողմն ընդգծել է համապարփակ միջոցներ ձեռնարկելու և սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ սերտ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը։ Հայկական կողմի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ստուգում է իրականացվում։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա օգոստոսի վերջին ռուս մասնագետների Հայաստան այցի վերաբերյալ՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման և փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու և բուսական արտադրանքի հետագծելիության և որակի վերահսկման համակարգին ծանոթանալու նպատակով»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» տարածած հաղորդագրության մեջ։
Իր հերթին՝ ռուսական կողմը հայ գործընկերներին հրավիրել է այցելել «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության լաբորատորիաներ՝ ծանոթանալու բուսական մթերքներում թունաքիմիկատների մնացորդների պարունակության մոնիթորինգի համակարգին։
ՍԱՏՄ-ն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք։ Պատճառը Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրված խախտումներն են։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել։
Հուլիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, որ արտադրողները դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Պատգամավորը, հղում անելով արտահանողներին, ասել էր, որ խնդիրը կապված է գյուղմթերքի՝ ստանդարտներին չհամապատասխանելու հարցի հետ։ ՍԱՏՄ-ից պատասխանել են, որ արգելքը վերաբերում է միայն այն բեռների արտահանմանը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ։