ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը կհատկացվի 200 միլիոն դրամ (517 000 ԱՄՆ դոլար): Որոշումն ընդունվել է կառավարության՝ օգոստոսի 1-ի նիստում։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նիստի ժամանակ ասաց, որ կազմակերպություն կստեղծվի այս նախագիծն ավելի ինստիտուցիոնալ ներկայացնելու համար։
«Նախատեսվում է ստեղծել ՓԲԸ՝ ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նպատակով։ Մենք էներգետիկ ոլորտի մինչև 2040 թվականի ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի հարակից տարածքում ունենանք նոր հզորության էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ընկերությունը կգործի ՏԿԵ նախարարության ենթակայության տակ։ «Նպատակը հետևյալն է, որ կադրերի համալրումից, մասնագիտական կարողություններից, և այլնի զարգացումից հետո այս կառույցի գործընկերները Կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ հզորության, մեթոդների, շինարարության սկսման, դրա կառավարման և մնացած առումներով»,- ասաց Սանոսյանը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսին աջակցել էր Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգության բարելավմանը։
Գրոսսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել էր մայիսի 20-ին՝ Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել էր Հայկական ատոմակայանի հասցեին հնչած «բացահայտ սպառնալիքները» և հայտարարել, որ «խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում»։ Միրզոյանը պարզաբանել է, որ Հայաստանը որոշել է էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, որպեսզի սահուն անցում կատարվի նոր հզորությունների։
2023 թվականի հոկտեմբերին Թուրքիան պահանջել էր փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և երկրի խորհրդարանական հանձնաժողովը պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն «որոշել են, որ կայանի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական չափանիշներին»: Նույն թվականի դեկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ ատոմակայանը փակելու պլաններ չկան՝ չնայած Անկարայի պահանջին։