ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 5-ից վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը արգելանքի տակ գտնվող 16 կազմակերպություններից մեկի համար, հայտնում է ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը բանակցել են հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ:
«Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՍԱՏՄ-ն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք։ Պատճառը Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրված խախտումներն են։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել։
Հուլիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, որ արտադրողները դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Պատգամավորը, հղում անելով արտահանողներին, ասել էր, որ խնդիրը կապված է գյուղմթերքի՝ ստանդարտներին չհամապատասխանելու հարցի հետ։ ՍԱՏՄ-ից պատասխանել են, որ արգելքը վերաբերում է միայն այն բեռների արտահանմանը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ։
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 26-ին անհանգստություն էր հայտնել ՀՀ-ից ոչ անվնաս արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ կապված։ Գերատեսչությունն արձանագրել էր թունաքիմիկատների և ագրոքիմիկատների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցելու 98 դեպք։