Կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակառուները հոկտեմբերի 1-ից անկանխիկ առևտուր անելու դեպքում ոչ թե 5000, այլ 6000 դրամ հետվճար (քեշբեք) կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում։
«Առաջարկում ենք հետվճարի հաշվարկան համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ»,- հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Միևնույն ժամանակ՝ նախարարը նշեց, որ նախագծով կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվելու։ Նախարարը նաև վիճակագրական տվյալներ հրապարակեց՝ հայտնելով, որ ծրագրից օգտվող շահառուների թիվն ավելացել է։
«2024-ի հուլիսի դրությամբ՝ ծրագրից օգտվող շուրջ 240 հազար շահառու ունենք։ Ծրագրի մեկնարկից սկսած տրամադրվել է շուրջ 9 մլրդ դրամ հետվճար։ Ընդհանուր առմամբ՝ կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքնների ծավալը ծրագրի մեկնարկից սկսած մինչև 2024-ի հուլիս կազմել է 119 մլրդ դրամ։ 540 հազար կենսաթոշակառուների 44%-ն օգտվում է քեշբեքի համակարգից»,- հավելեց նախարարը։
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից կառավարության որոշմամբ հնարավարություն ստացան հետվճար ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։