Մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին իշխանությունները 300 մլն դրամ (750 հազար դոլար) կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 15-ին կայացած կառավարության նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է մեղմել բնական աղետի գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների կրած վնասները՝ փոխհատուցելով գյուղատնտեսական կենդանիների անկման, պտղատու ծառերի, հատապտուղների թփերի և ցանքատարածությունների կորուստները, «ինչը կնպաստի նրանց ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեությանը»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ փոխհատուցումը կվճարվի՝ կախված երկու բաղադրիչից՝ վնասի աստիճանից և 2023 թվականին գյուղացիների կողմից բյուջե վճարվող հարկերի չափից։ Վնասը սահմանվում է երեք աստիճանով՝ ցածր, միջին և բարձր։
«Չնչին վնասի դեպքում գյուղացիները տուժած տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կստանան 6,6 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 միլիոն դրամ։ Միջին վնասի դեպքում՝ 1 քմ-ի դիմաց 14,9 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 մլն դրամ։ Իսկ էական վնասի դեպքում՝ 24,8 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 միլիոն դրամ»,- նշել է նախարարը և հավելել, որ այս կատեգորիայի շուրջ 150 տնտեսվարող կստանա փոխհատուցում, իսկ վնասի փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի 140 մլն դրամ։
Պապոյանի խոսքով՝ երկրորդ կատեգորիայում վնասի ցածր մակարդակով գյուղացիներին կփոխհատուցվի 2023 թվականի համար վճարված հարկերի 50 տոկոսը՝ նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 միլիոն դրամ։
«Վնասի միջին մակարդակով փոխհատուցումը կազմում է վճարված հարկերի 70 տոկոսը, առավելագույնը՝ 10 մլն դրամ։ Էական վնասի դեպքում՝ նաև նախորդ տարվա վճարված հարկերի 100 տոկոսը, առավելագույնը՝ 15 մլն դրամ»,- պարզաբանել է նա և նշել, որ այս կատեգորիայում փոխհատուցում կստանա 150 տնտեսվարող, իսկ ընդհանուր գումարը կկազմի 150 մլն դրամ։
Տուժած գյուղացիները օգոստոսի 25-ից հոկտեմբերի 15-ը կարող են փոխհատուցման հայտ ներկայացնել Էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային հասցեով, եզրափակել է վարչության պետը։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։