ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ հարկերից խուսափած գործարարներին կալանավորելու օրենսդրական առաջարկը բացասական է ազդելու տնտեսության և գործարար համայնքի վրա, օգոստոսի 19-ի ասուլիսում հայտարարել են «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները։ Նրանք նշել են նախագծի ռիսկերը՝ հայտարարելով, որ օրենքի ընդունման դեպքում գործարարներն անգամ հարկերը վճարելուց հետո կարող են ծանր խնդիրների և հետևանքների առաջ կանգնել։
Ակումբի անդամ, «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը բացատրել է, որ ՊԵԿ-ն առաջարկել է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որով նախատեսում են վերացնել գործարարների համար նախատեսված խրախուսական նորմերը և չվճարած հարկերը վճարելու դեպքում անգամ նրանց պատասխանատվության ենթարկել։ Նա հավելել է, որ նախագծով ՊԵԿ-ն առաջարկում է քրեականացնել նաև մաքսանենգությունը։
«Երկար տարիներ հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու դեպքում խրախուսական նորմեր էին գործում։ Այսինքն՝ այն գործարարները, որոնց մեղսագրվում էին այդ արարքները, կարող էին չվճարված հարկը վճարել կամ պետությանը պատճառած վնասը փոխհատուցել և անմիջապես ազատվել քրեական հետապնդումից։ Հիմա ՊԵԿ-ն առաջարկում է այդ խրախուսական նորմերը հանել ու քրեականացնել նաև մաքսանենգությունը։ Այսինքն՝ մաքսային սահմանով թաքցրած ապրանքներ տեղափոխելը դառնում է քրեորեն հետապնդելի, մինչդեռ գործող օրենսդրությամբ՝ մաքսանենգութան համար վարչական պատասխանատվություն է նախատեսված»,- մանրամասնել է Սարդարյանը։
Նա ՊԵԿ-ի առաջարկները խիստ բացասական է գնահատել՝ մատնանշելով, որ գործարարները կարող են ծանր խնդիրների առաջ կանգնել, ինչն, իր հերթին, կարող է խոչընդոտել տնտեսության զարգացմանը, խորացնել ոլորտի ճգնաժամային իրավիճակը։
«Կարծում ենք՝ փոփոխություններն իրականացվում են նրա համար, որ գործարարներին կարողանան ցանկացած պահի պատասխանատվության ենթարկել և կալանքի տանել։ Մեր գործարարները եթե երկար ժամանակ կալանքի տակ լինեն, կարող են իրենց ամբողջ բիզնեսը կորցնել։ Երբ բիզնեսի հիմնադիրը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, գործընկերները հեռանում են, դժվարանում են առևտրային հարաբերությունները, բանկերն սկսում են վարկավորման խնդիրներ առաջացնել, անգամ վարկերը հետ քաշելու հարցեր են բարձրացնում։ Մեծ հաշվով՝ ՔՀԿ-ում հայտնվելը գործարարի համար կարող է ծանր հետևանքներ առաջացնել»,- հավելել է Սարդարյանը։
«Էլ Էս Էյ» ընկերության ընկերության գործընկեր, փաստաբան Էդգար Այվազյանը հիմնավոր չի համարում խրախուսական նորմերը հանելու և մաքսանենգությունը քրեականացնելու նախաձեռնությունը։
«Նախկինում մաքսանենգությունն ապաքրեականացվել էր։ Այժմ ՊԵԿ-ը, որպես հիմնավորում, նշում է, որ ապաքրեականացումից հետո մաքսանենգության դեպքերը շատացել են, և այն նորից քրեականացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Սա չի կարող հիմնավոր պատճառ լինել, քանի որ մաքսանենգության դեպքերի աճը չի նշանակում, որ դրա հանրային վտանգավորությունը բարձրանում է։ Դեպքերի աճը հասկանալու համար պետք է հասկանալ, թե որոնք են աճի պատճառները և պայմանները։ Օրենքը խստացնելով՝ հնարավոր չի լինի կանխել մաքսանենգության աճը»,- եզրափակել է փաստաբանը։
ՊԵԿ-ը ՔՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել օգոստոսի 8-ին, վերջնաժամկետն օգոստոսի 23-ն է։ Օգոստոսի 19-ի դրությամբ՝ E-draft կայքում նախագծին կողմ է քվեարկել 10, դեմ՝ 2890 քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութերում։