ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից հայկական կոնյակների վերաբերյալ հետազոտության մասին պաշտոնական նամակ չի ստացել, Armenia Today-ին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ՏԱՍՍ-ի հրապարակմանը, ըստ որի՝ «հետազոտությամբ պարզվել է, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չէ»։
«Մենք որևէ ապրանքանիշի անուն չգիտենք, սպասում ենք պաշտոնական բացատրության՝ հասկանալու, թե ինչ է կատարվում»,- նշել է Հարությունյանը։
ՏԱՍՍ-ն օգոստոսի 20-ին հայտնել է, որ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան և ՌԴ կոնյակ, սպիրտ ու ալկոհոլ արտադրողների միությունը համատեղ հետազոտության համար ռուսական խանութներից հայկական 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ են ձեռք բերել և ուղարկել հետազոտության։
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 200 նմուշից 177-ում (89%) խախտումներ են հայտնաբերվել։ Գրեթե 50%-ում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել ՌԴ օրենսդրության պահանջներին»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հետազոտության վերաբերյալ «Անտիկոնտրաֆակտը» դիմումներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, ՌԴ դաշնային մաքսային ծառայություն, «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ՀՀ-ից ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության համար։
«Հաշվի առնելով, որ ներմուծվող բեռը տարանցվում է Վրաստանով, խնդրել են միջոցներ ձեռնարկել մեծածախ և մանրածախ ցանցերում որակի չափանիշներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը սահմանափակելու համարն»,- հավելել է ՏԱՍՍ-ը։
2024-ի մարտին Բելառուսն արգելել էր իր տարածք «Արարատ» կոնյակի գործարանի արտադրած ապրանքների ներմուծումը, ինչպես նաև վաճառքը, պահպանումը, փոխադրումն ու օգտագործումը։ 2023 թվականի տվյալներով՝ ՌԴ-ին կոնյակի հիմնական մատակարարը Հայաստանն է հանդիսացել (61․7%)։