Երևանին ձեռնտու է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Ըստ նրա՝ Մոսկվան հուսով է, որ ՀՀ-ն չի հրաժարվի այդ մասնակցությունից ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք «միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում»։
«ԵԱՏՄ-ի շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա, ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ։ Հայաստանում տնտեսական աճը տպավորիչ դրական դինամիկա է ցույց տալիս, որով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդյանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023 թվականին ասել էր, որ ՀՀ-ն գնում է տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման ճանապարհով և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև Ասիայում։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով, փորձում է նրանց պոկել Ռուսաստանից։