Հայաստանի կոնյակ արտադրողներից դեպի ՌԴ արտահանման և իրացման հետ կապված դժգոհություններ չենք ստացել, խնդիրներ չունենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է արձագանքել ՏԱՍՍ-ի հրապարակմանը, ըստ որի՝ «հետազոտությամբ պարզվել է, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն»։
«Այս պահին մենք արտադրողներից իրացման և արտահանման վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, և եթե բիզնեսը չի ահազանգում՝ մենք էլ խնդիր չենք տեսնում»,- նշել է նա։
Պապոյանը հայտնել է, որ ռուսական մամուլում հայկական կոնյակների վերաբերյալ հրապարակման առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին, քանի որ ՌԴ-ից պաշտոնական պարզաբանում չեն ստացել։ Նախարարությունը, նրա խոսքով, չի կարող ցանկացած հրապարակման արձագանքել, քանի որ «արդյունքում՝ նախարարությունը լրատվական ծառայության կվերածվի»։
Նախարարը տեղեկացրել է, որ հայկական կոնյակները ՌԴ-ում չեն կարող վաճառվել առանց փորձաքննության։
«Մեր կոնյակներն առանց բացառության ՌԴ-ում իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում։ Այսինքն՝ ՌԴ-ում որևէ հայկական կոնյակ առանց այդ փորձաքննության չի կարող վաճառվել»,- շեշտել է նա։
Պապոյանը նշել է Հայաստանում իզոտոպային լաբորատորիաների կառուցման անհրաժեշտության մասին։
«2025 թվականից պետք է Հայաստանում իզոտոպային լաբորատորիաներ ստեղծենք։ Եթե չհաջողվի, անհրաժեշտ է եվրոպական երկրի իզոտոպային լաբորատոր փորձաքննության պարտադիր պահանջ սահմանենք։ Արդյունքում՝ կունենանք փաստաթուղթ, ուր, օրինակ, կնշվի, որ շվեյցարական որևէ իզոտոպային լաբորատորիայում կոնյակի սպիրտն անցել է փորձաքննություն և ապացուցվել է, որ այն խաղողից են ստացել»,- բացատրել է նախարարը։
Օգոստոսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական կոնյակների վերաբերյալ հետազոտության մասին ՌԴ-ից պաշտոնական նամակ չեն ստացել և սպասում են բացատրության։
2024-ի մարտին Բելառուսն արգելել էր իր տարածք «Արարատ» կոնյակի գործարանի արտադրած ապրանքների ներմուծումը, ինչպես նաև վաճառքը, պահպանումը, փոխադրումն ու օգտագործումը։ 2023 թվականի տվյալներով՝ ՌԴ-ին կոնյակի հիմնական մատակարարը Հայաստանն է հանդիսացել (61․7%)։
Մանրամասները՝ տեսանյութերում։