ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծի հեղինակ ՌԻԴ ՍՊԸ-ին 2 շաբաթ ժամանակ է տվել գյուղի բնակիչների՝ գերակա շահ ճանաչված հողերի փոխհատուցման գները հնարավորինս վերանայելու համար, լրագրողներին և կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող գյուղի բնակիչներին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Օգոստոսի 22-ին գյուղի բնակիչներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ իրենց պահանջներն անտեսվում են․ նրանք պահանջում են իրենց հողերի շուկայական արժեքը 1 քառակուսի մետրի դիմաց ոչ թե 350, այլ 1000 դրամ սահմանել։
«Վարդենուտցիների հետ քննարկումների մեջ ենք։ Մեր վերջին հանդիպման ժամանակ իրենք նշել են, որ պատրաստ են գերակա շահ ճանաչված գույքը վաճառել 1000 դրամով, մինչ այդ 2000 էին առաջարկում։ Անկախ գնահատող ընկերությունը («Էքսպերտ Դիալոգ» ՍՊԸ-խմբ․) տարածքի հողերի համար 350 դրամ է սահմանել, ինչին բնակիչները համաձայն չեն»,- ասել է նախարարը։
Պապոյանը հավելել է, որ ՌԻԴ ՍՊԸ-ին փոխհատուցման գները վերանայելու համար տրված 2 շաբաթ ժամանակը մի քանի օրից կլրանա։ Նրա խոսքով՝ ամենայն հավանակությամբ ընկերության ներկայացուցիչների հետ նախարարությունից կհանդիպեն օգոստոսի 26-ին։
«Առաջարկել ենք քաղաքացիների հետ առանձին-առանձին դիտարկել իրենց սեփականության արժեքները, քանի որ կարող են մի դեպքում քարոտ, մյուս դեպքում՝ ավելի որակյալ հողեր լինել»,- եզրափակել է նախարարը։
Օգոստոսի 8-ին բնակիչները կառավարության մոտ ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ ՌԻԴ-ից համարժեք փոխհատուցում են պահանջում։
Նույն պահանջով մարտի 10-ին բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը, հունիսի 24-ին՝ Ապարան-Երևան մայրուղին։ ՌԻԴ-ն, իր հերթին, բնակիչներին մեղադրել էր «անհիմն գումարներ շորթելու և ապօրինաբար հարստանալու փորձի» մեջ։
2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծին, որի ներդրումային ծրագիրը կազմում է 190 մլն դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։