«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն օգոստոսի 22-ին նախաձեռնող խմբի նիստում քննարկել է էներգետիկայի ոլորտում մենաշնորհը վերացնելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ակտիվները «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանից խլելու հնարավորությունը, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորները հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է ՌԴ քաղաքացին ղեկավարում հայկական «Էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն օգոստոսի 23-ին հայտարարել է, որ «էլցանցերի» դեմ պայքարն սկսվելու է առաջիկա երկուշաբթի օրը և ուղղված է լինելու այս ոլորտում ընկերության մենաշնորհի դեմ։
«Իշխանության ներսում ինչ-որ գործընթաց են պատրաստում ՀԷՑ-ի, մասնավորապես՝ Կարապետյանների բիզնեսի դեմ, որը կարող է տեղավորվել Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու արևմտյան ծրագրի մեջ»,- գրում է «Հրապարակ»-ը։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնող խմբի նիստում քննարկել էր Պետական վերահսկողական ծառայության և նրա ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքը։ Թերթը նշել էր, որ Պետրոսյանի գործունեության քննարկումն անցել է մեղմ և կառուցողական մթնոլորտում, «քանի որ Պետրոսյանը Փաշինյանի սիրելին է»։